Զգույշ եղեք անծանոթ համարներին զանգահարելիս, հատկապես եթե դրանք արտասահմանյան կոդով են։ Եթե ձեզ զանգ են թողնում, որպեսզի դուք հետադարձ կապ հաստատեք, դա կարող է լինել խարդախության փորձ՝ ձեր հաշվից գումար գանձելու մտադրությամբ։

Միշտ զգոն եղեք կարճ համարներին զանգահարելիս․ հիմնականում դա վճարովի է։ Խորհուրդ ենք տալիս նախապես ճշտել առաջարկվող կարճ համարով իրականցվող զանգի, ծառայության, դրա միջոցով անցկացվող ակցիայի կամ խաղարկության մասնակցության արժեքը:

Բացատրեք ձեր ընտանիքի անդամներին, հատկապես երեխաներին և ավագ սերնդի ներկայացուցիչներին, որ այն խաղերում, որոնց ընթացքում պետք է զանգ կատարել գումար վաստակելու համար, զանգերը կարող են վճարովի լինել։

Զգույշ եղեք սոցցանցերի միջոցով ստացված կամ ոչ վստահելի կայքերում տեղադրված ինտերնետ հղումներով անցում կատարելիս, քանի որ դրանք կարող են վիրուսներ պարունակել և վնաս հասցնել ձեր բջջային հեռախոսին կամ համակարգչին։ Որոշակի վիրուսներ ընդունակ են նաև հանգեցնել գումարի կորստի ձեր հաշվեհամարներից։

Սոցցանցերում կամ տարբեր ծառայություններ տրամադրող կայքերում գրանցվելիս ընտրեք բարդ գաղտնաբառեր և մի տվեք դրանք ոչ ոքի և ոչ մի պարագայում։ Հիշեք՝ բջջային օպերատորի, բանկի կամ որևէ ծառայության աշխատակիցը երբեք չի պահանջի ձեր գաղտնաբառը։

Զգոն եղեք տարատեսակ կայքերում որոշակի ծառայություններ կամ տեղեկություններ ստանալու համար ձեր բջջային հեռախոսահամարը գրանցելիս, քանի որ տվյալ ծառայությունը կարող է վճարովի լինել, և հետագայում ձեր հաշվից կարող է գումար գանձվել։

Մի շտապեք կատարել հրահանգները, որոնք ստանում եք անհայտ անձանցից հեռախոսազանգի կամ կարճ հաղորդագրության միջոցով։ Որոշակի կայքեր այցելելուց հետո բաժանորդները ստացել են հաղորդագրություն «ոստիկանությունից», որով նրանցից պահանջվել է գումար փոխանցել նշված բանկային հաշվին։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դրանք խարդախության դեպքեր են և բոլոր պետական վճարումները հարկավոր է կատարել միայն հստակ սահմանված կարգով։

Սոցցանցերում հաճախ տեղադրվում են որպես բարեգործություն դրամական փոխանցումներ կատարելու խնդրանքներ։ Նաև ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները երբեմն զանգեր են ստանում, որոնց ընթացքում նրանց առաջարկում են ամսագրեր գնել՝ նշելով, որ հավաքված գումարը տրամադրվելու է հաշմանդամերին և մանկատների սաներին։ Բարեգործություն անելիս զգոն եղեք և ընտրեք վստահելի կազմակերպությունների կամ կապվեք շահառուների հետ, որպեսզի ձեր գումարը իսկապես օգնի կարիքավորներին։

Ներկայացնում ենք նաև մի քանի խորհուրդ ծնողների համար, թե ինչպես կարելի է ապահովել երեխաների անվտանգությունը համացանցում․

  1. Բացատրեք երեխային, թե ինչու չի կարելի տրամադրել իր և ընտանիքի անդամների մասին անձնական տեղեկություններն անծանոթ օգտատերերին,
  2. Բացատրեք, թե ինչու է պետք զգույշ լինել կասկածելի նամակներ, կայքեր, ֆայլեր բեռնելիս՝ էլեկտրոնային փոստից, սոցցանցերից և այլն,
  3. Պատմեք, որ սոցցանցերում մարդիկ երբեմն ներկայանում են այլ կերպարներով և պետք չէ անծանոթ անձանց հետ հանդիպում նշանակել համացանցի միջոցով։ Նշեք, որ նման առաջարկներ ստանալու դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել ծնողներին։
  4. Տան համակարգիչը տեղադրեք այնպիսի հատվածում, որ կարողանաք վերահսկել ձեր երեխայի գործողությունները,
  5. Պարբերաբար ժամանակ անցկացրեք ձեր երեխայի հետ համացանցում,
  6. Մի պատժեք երեխային համացանցում անցանկալի միջադեպերի համար, քանի որ ապագայում պատժից խուսափելու նպատակով նա կարող է թաքցնել նման դեպքերը,
  7. Խնդրեք նրան ցույց տալ մուտքային հաղորդագրությունները, հատկապես տհաճ պարունակությամբ,
  8. Երեխային սովորեցրեք չպատասխանել տհաճ կամ վիրավորական հաղորդագրություններրին էլեկտրոնային փոստով կամ սոցցանցերում։

Եթե Դուք կարծում եք, որ դարձել եք բջջային խարդախության զոհ, դիմե´ք օրինապահ մարմիններին, ինչպես նաև թողե´ք հաղորդագրություն Ձեր բջջային կապի օպերատորի Հաճախորդների սպասարկման կենտրոնում: